Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը (643–652 թթ.) համարվում է հայ ճարտարապետության պսակը: Այս բացառիկ կոթողն իր մեջ ներառում է տաճարը և կաթողիկոսական պալատը: 2000 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Զվարթնոցը, ըստ ավանդության, հիմնվել է այն ճանապարհին, որով Տրդատ 3-րդ թագավորը գնաց դիմավորելու Վաղարշապատ ժամանող Գրիգոր Լուսավորչին: Ե
նթադրվում է, որ Ներսես 3-րդ կաթողիկոսը տաճարը կառուցել է այդ հանդիպմանն հավերժացման համար: Տաճարը կոչվում Էր նաև Սուրբ Գրիգոր, քանի որ հետագայում Զվարթնոցում ամփոփվել են Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Զվարթնոցը նաև նվիրված էր երկնային զվարթուններին՝ հրեշտակներին, իսկ «զվարթնոց» նշանակում է նաև «Հրեշտականոց»: Ամբողջ տաճարը ողողված է եղել լույս
ով, արևի ճառագայթներն 80 կամարաձև և 32 բոլորակ պատուհանների շնորհիվ ներթափանցել են ներս ու թևածող հրեշտակների տպավորություն ստեղծել: Հնավայրը պաշտամունքային կենտրոն է եղել նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված է եղել հողով, պեղումների ժամանակ բացվել են ուրարտական տաճարի հիմքեր, զոհասեղան և ուրարտական թագավոր Ռուս
ա 2-րդի սեպագիր արձանագրությունը՝ Հրազդան գետից անցկացված և մինչ օրս պահպանված ջրանցքի շինարարության մասին։ Ըստ պեղումների, այստեղ եղել է հեթանոսական Տիր աստվածին նվիրված մեհյան, IV–V դարերի կառույցներ: Պատմական աղբյուրների համաձայն, տաճարն օծվել է 653 թվականին: Դվինի պաշարումը և արևելյան սահմաններին բյուզանդական ու արաբական բանակների միջև ընթ
ացող պատերազմները Ներսես Կաթողիկոսին ստիպել են նստավայրը Դվինից տեղափոխել Զվարթնոց: Տաճարի օծման արարողությանը ներկա է եղել բյուզանդական Կոստաս 2-րդ կայսրը: Նա այնքան է տպավորվել շինությամբ, որ վերադարձին իր հետ է տարել ճարտարապետին, որպեսզի Կոստանդնուպոլսում ևս նման տաճար կառուցի: Ճարտարապետը, սակայն, ճանապարհին հիվանդացել է ու մահացել: Տաճա
րը կանգուն է եղել մինչև X դարի վերջը: Ավերման մասին պատմական տեղեկություններ չկան, ենթադրվում է, որ Զվարթնոցը խոնարհվել է երկրաշարժի պատճառով: Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի մնացորդներ։